Ինձ որ խնդրեն, ես Արցախի նախագահի պաշտոնին չեմ նստի. Սամվել Բաբայան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր՝ հուլիսի 10-ին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը ծաղիկներ է խոնարհել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և նրա հարակից տարածքում գտնվող արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկների շիրմաքարերին, որից հետո իրեն դիմավորելու եկած քաղաքացիների առջև հանդես եկել ելույթով:

‹‹Ես չեմ եկել հեղափոխություն անելու: Եկել եմ Արցախ նախ և առաջ գիծ քաշելու այն ամենին, ինչ կատարվել է իմ և շրջապատիս դեմ: Այսօր մենք չենք կարող անձնական խնդիրներ լուծելու, իրավիճակը բարդացնելու շռայլություն ունենալ, քանի որ ունենք Ադրբեջանի պես հակառակորդ և լուրջ մարտահրավերներ պաշտպանության ոլորտում: Հանդիպել եմ Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել առաջին հերթին առաջնագծի պաշտպանության, մեր պետության ամրապնդման և անխոցելիության վերաբերյալ հարցեր: Իհարկե, մեր հանդիպման ժամանակ չէի կարող չշոշափել տնտեսական, քաղաքական, ապակենտրոն իշխանություն ունենալու խնդիրները: Որքան ես եմ հասկացել, նա դեմ չէ: Խոստացել է, որ այդ փոփոխությունները կլինեն՝ սահմանադրական, օրենսդրական եւ այլն, կիրականացվեն: Ես ինձանից կախված ամեն ինչ անում եմ: Ղարաբաղի հարցով առնվազն երեք անգամ բանտ եմ նստել: Ես ոչ տեռորիստ եմ, ոչ էլ տեռորով զբաղված եմ: Բայց երբ պայքարում ես նրանց դեմ, նրանց այլընտրանք չի մնում, քան ձերբակալել: Եթե դա ինձ չի վախեցնում, ապա ինչո՞ւ պետք է ձեզ վախեցնի: Սա չի նշանակում, որ ես ձեզ հրահրում եմ վաղը միտինգներ անել, պետք չէ: Մենք որոշ ժամանակ կլռենք, մինչեւ նրանք՝ իշխանությունները, գնան փոփոխությունների: Ես բոլոր քաղաքական ուժերի հետ շփվել եմ, աշխատելու եմ: Չեն գնա այդ փոփոխություններին, մենք այլ ճանապարհով կփորձենք խնդիրը լուծել: Երբ որ մեկը 20-30 հոգի հավաքում եւ ասում է, որ ես եմ պրեզիդենտը, դա արդեն ծիծաղելի է: Որին հարցնում ես, պրեզիդենտ է ուզում լինել: Ինձ որ խնդրեն, ես նախագահի պաշտոնին չեմ նստի, երկու օր առաջ նախագահին եմ ասել» – իր ելույթում ասել է Սամվել Բաբայանը:

 ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը նշել է, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում գրասենյակ կունենա, որը կհամակարգի Ազգային ժողովի պատգամավորներից մեկը, միևնույն ժամանակ բացառել  ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի և վերջերս անկախ պատգամավոր դարձած Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունները: Նա ընդգծել է, որ ինքը մշտապես ժողովրդի կողքին կլինի և իրեն քաղաքական գործընթացներում չի տեսնում: