Իտալիայի Հանրապետության նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ինչպես տեղեկացնում է tert.am կայքը՝ Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ-իտալական ժողովուրդների բարեկամությունն ունի պատմական խորը արմատներ: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց, որ այսօր այդ բարեկամական կապերն առավել զարգանում և ամրապնդվում են երկու երկրների նախագահների սերտ գործակցության արդյունքում:

Եղբայրական հարաբերությունների խորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների դերակատարությունը և շարունակվող ջերմ փոխհարաբերությունները:

Նորին Սրբությունը անդրադարձավ նաև պատմության ընթացքում Իտալիայում ձևավորված հայ համայնքի կարևոր առաքելությանը փոխճանաչողության և հայ-իտալական բարեկամության զորացման գործում` ուրախությամբ ընդգծելով, որ այսօր ևս հայ համայնքն իր ակտիվ կյանքով շարունակում է երկու երկրների միջև կամուրջ հանդիսանալ:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Իտալիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, նաև իր գնահատանքն արտահայտեց Իտալիայի նախագահին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում երկրի իշխանությունների դրսևորած հստակ կեցվածքի առնչությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: