Բացվել է Մշակութային ժառանգության պահպանման հայ-իտալական կենտրոնը

Պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան եւ տիկին Լաուրա Մատարելլան Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի հետ միասին այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման հայ-իտալական տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը:

Բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Էնցո Մոավերո Միլանեսին, որից հետո երկու երկրների նախագահները բացել են կենտրոնի անվանատախտակը եւ շրջայց կատարել տարածքում:

Կենտրոնը հիմնվել է հայկական եւ իտակալան կողմերի համատեղ նախաձեռնությամբ եւ նպատակ ունի իրականացնել մշակութային ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված տարբեր, այդ թվում՝ տարածաշրջանային ծրագրեր: