ՀՀ ԿԳ նախարարի խոսքը ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի հրաժեշտի արարողության ժամանակ

Հայաստանի գիտությունը մեծ կորուստ կրեց. կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հասարակական-քաղաքական անվանի գործիչ,  պինդ մարմնի մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադիր Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը:
Սերգեյ Համբարձումյանը ժամանակակից մեխանիկայի բնագավառում խոշորագույն գիտնականներից էր, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նորագույն ուղղությունների հիմնադիր: Նրա հեղինակած տեսությունները հիմք են հանդիսացել մեխանիկայի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծման համար, լայն կիրառություն են գտել ավիացիոն, սուզանավային և հրթիռային տեխնիկայի հաշվարկներում:
Սերգեյ  Համբարձումյանը  գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ էր, ակտիվորեն մասնակցել է գիտական ու մանկավարժական բարձրակարգ կադրերի մի քանի սերունդների պատրաստմանը:
1977-1991 թվականներին,  լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Սերգեյ Համբարձումյանը հսկայական աշխատանքներ է տարել մայր բուհը որպես խոշոր գիտահետազոտական կենտրոն ու հայագիտության կարևոր օջախ զարգացնելու ուղղությամբ. ստեղծվել են նոր ֆակուլտետներ, ամրապնդվել են կապերը աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ։ Անգնահատելի է Սերգեյ Համբարձումյանի ավանդը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, ինչպես նաև մեխանիկայի ինստիտուտների զարգացման գործում։
Համաշխարհային հեղինակություն վայելող բազմազբաղ գիտնականն  ակտիվ էր նաև հասարակական կյանքում: 1979-1991  թվականներին, լինելով  ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-ից` նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ, նա միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը,
ինչը հատկապես ցայտուն է դրսևորվել Արցախյան հիմնահարցի հետ կապված քննարկումների ժամանակ:
Ցավակցությունս եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին և մեզ բոլորիս:
Մեծ գիտնական, մանկավարժ ու քաղաքացի Սերգեյ  Համբարձումյանի կերպարը վառ կմնա մեր սրտերում և հրաշալի օրինակ կդառնա եկող սերունդների համար,- ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: