Երևանում ապօրինի բացօթյա առևտրի դեմ պայքարն առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում

Մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի ակտիվացման, հակահիգիենիկ վիճակի ստեղծման հետևանքով հանրային առողջությանը սպառնացող ռիսկերը կանխելու ու մտահոգիչ մի շարք երևույթներ վերացնելու առաջարկով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրուցել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ: «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը կտրականապես արգելում է մրգի, բանջարեղենի և այլ մթերքների բացօթյա վաճառքը: Նախարարը կարևորել է ստեղծված վիճակը վերացնելու ուղղությամբ վերահսկողության ուժեղացումը:

Երևանի քաղաքապետարանում այսօր քննարկվել են բարձրացված հարցերը, կարևորվել է մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման առավել համակարգված գործողությունների ձեռնարկումը:

Արեյանը նկատել է, որ ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների, և հարկավոր է կտրուկ գործողությունների դիմել: Քաղաքապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կան առևտրի համար առանձնացված վայրեր, և քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի խնդիրն է բացառել առևտուրը դրա համար չնախատեսված վայրերում:

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Արտակ Պողոսյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են օգնել` վճռական պայքար ծավալելու բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ:
Կամո Արեյանն առաջարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրուկ միջոցներ ձեռնարկել Հանրապետության հրապարակում և այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումն արգելելու ուղղությամբ, քանի որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Դրանց միջոցով տեղում քաղցրավենիքի որոշ տեսակների պատրաստումը և վաճառքն առաջացրել է մարդկանց առողջությանը սպառնացող հակահիգիենիկ իրավիճակ: Այդ առումով քաղաքապետի պաշտոնակատարը կարևորել է նաև առողջապահության նախարարության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կտրուկ քայլերի ձեռնարկումը:

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների առևտրի պատասխանատուները ոստիկանական խմբերի ուղեկցությամբ օրվա տարբեր ժամերին մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մարդաշատ վայրերում, հրապարակներում, այգիներում և պուրակներում ամենօրյա շրջայցեր կիրականացնեն: