Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ առավել առարկայական կքննարկվեն հետագա համատեղ քայլերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ:
Առողջապահության ոլորտում երկկողմ գործակցությունը ներկայումս ակտիվ չէ, ուստի կողմերը հույս են հայտնել, որ առաջիկայում հարաբերություններին նոր որակ կհաղորդվի:
Դեսպանը հետաքրքրվել է ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ ծրագրերով, քննարկվող տարբեր հարցերի շուրջ փոխանցել Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում կիրառվող մոտեցումները: Ջուդիթ Ֆարնուորթը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել որոշ ծրագրերի առումով, մասնավորապես, ծխելու դեմ պայքարում իր երկրի հետ փորձի փոխանակմանը:
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական հիմնական ուղղությունները, ընդգծել առողջության առաջնային պահպանման օղակի հզորացումը, մի շարք հիվանդությունների կանխարգելման նպատակադրմամբ սքրինինգային ծրագրերի իրականացումը, սոցիալապես անապահով խավերի համար բուժօգնության մատչելիության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը: Նախարարը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի բյուջետային հատկացումների ավելացումը կնպաստի ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Կողմերը պայմանավորվել են առավել առարկայական քննարկումների միջոցով հստակեցնել հետագա համատեղ քայլերը: