Ադրբեջանը վերածվում է տրանսկասպյան լոգիստիկ միջանցքի

Մերձկասպյան հինգ երկրներ`ՌԴ-ն, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակը կանոնակարգող հռչակագիրը, որը բաժանում է թե ծովի մակերեսը, թե բնական ռեսուրսները: Ամենակարևորն այս պարագայում Կասպից ծովի հատակով անցկացվելիք գազամուղերն ու նավթամուղերն են:

Այս իրավական փաստաթուղթը հնարավորություն է տալիս Ադրբեջանին վերածվելու տարանցիկ միջանցքի`ղազախական ու թուրքմենական նավթի ու գազի համար: Երկար տարիներ քննարկվող Տրանսկասպյան գազամուղը`Կասպից ծովի հատակով, որով թուրքմենական գազը ադրբեջանական ենթակառուցվածքներով արտահանվելու է ԵՄ, կարող է կյանքի կոչվել:

Ադրբեջանը դառնում է էներգետիկ-տրանսպորտային միջանցք`Կասպից ծովի երկու ափերի համար`Տրանսկասպյան միջանցքը թույլ կտա Չինաստանին `Ղազախստանի ու Ադրբեջանի տարածքով`Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով դուրս գալ ԵՄ ու Թուրքիա, իսկ Թուրքմենստանն`Ադրբեջանի էներգետիկ լոգիստիկան կօգտագործի ՌԴ-ից ու Չինաստանից բացի իր էներգակիրները նաև այդ նոր ուղղությամբ թուրքական և այլ շուկաներ արտահանելու համար:

Ադրբեջանը վերածվում է կապող կամրջի`Արևելք-Արևմուտք ուղղությամբ ու նավթագազային ռեսուրսներ արտահանող երկրից վերածվում է նաև տարանցիկ միջանցքի`թյուրքական աշխարհի համար:

Պանթուրքիստական և պանիսլամական Էրդողանի նկրտումներն այժմ ավելի մեծ հենք ու իրավական հիմնավորումներ կստանան`Անկարան այժմ լոբբինգ է անելու, որպեսզի ղազախական, թուրքմենական էներգակիրներն Ադրբեջանի տարածքով արտահանվեն Թուրքիա`դրանով Անկարան կնվազեցնի իր էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից, ինչպես նաև տարանցիկ միջանցք կդառնա կասպյան էներգակիրների համար դեպի Արևմուտք:

Արտյոմ Բալասանով