Տեղի ունեցավ «Ավանդ՝ Ախթամարի» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը

Օգոստոսի 23-ին  սփյուռքի նախարարության աջակցությամբ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում  տեղի ունեցավ «Ավանդ՝ Ախթամարի» խորագրով վանեցի հայերի ավանդական տարազների լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Տարազների հեղինակը պոլսահայ արվեստաբան Ժուլիա Մութլուն է, լուսանկարիչը՝ բնիկ վանեցի, ավանդական ժողովրդական մշակույթների մասնագետ, լուսանկարիչ Այթաչ Արազ Սելչուկը: Ձեռնարկին աջակցել են Մաքրուհի և Գևորգ Հակոբյանները՝ կատարելով  հայկական նախկին տեղանունների և սրբավայրերի ստուգումն ու հայերեն թարգմանությունները:

Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էր նաև սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանը, ով ներկաներին փոխանցեց նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքը. « Տիկին Ժուլիա Մութլուին քաջածանոթ է հայ հասարակությունը. մենք մի քանի անգամ արդեն բախտ ենք ունեցել հանդիպելու նրան, վայելելու նրա բարձրարվեստ գործունեության արգասիքը, մասնակցելու նրա հեղինակած ազգային տարազների աննախադեպ ցուցա­դրությանը Երևանում և մեր հիացմունքն ու գոհունակությունը հայտնել այդ առթիվ: Տիկին Մութլուն մասնակից ու համահեղինակ է նաև այս ձեռնարկին և միայն իրեն հատուկ վարպետությամբ պատրաստել է 19 տարազ, որոնք տաղանդաշատ լուսանկարիչ Այթաչ Արազ Սելչուքի երևակայության և մտքի թռիչքի ուժով դարձել են ինքնատիպ ու առինքնող լուսանկարներ»:

Այթաչ Արազ Սելչուքն առաջին անգամ է Հայաստանում, վերջինս շրջել է Վանի գյուղերով ու գյուղաքաղաքներով, եղել բոլոր այն վայրերում, որտեղ մեկ դար առաջ ապրել են հայեր ու ստեղծել առաջադեմ քաղաքակրթություն: Նա գտել է սրբավայրեր, քանդված վանքեր ու եկեղեցիներ, մկրտարաններ ու խաչքարեր, մարմարե կիսաքանդ հուշարձաններ, հայատառ տապանաքարեր ու դրանց մոտ լուսանկարել հայկական տարազներ հագած երիտասարդների ու աղջիկերի:

« Այսօրվա ցուցահանդեսն իր բնույթով փաստագրական է և ունի պատմական նշա­նա­կություն։ Այն վստահաբար համալրելու է Ստամբուլի հայկական համայնքի հայապահպան գոր­ծունեության համայնապատկերը և դառնալու է նրա ինքնատիպ էջերից մեկը։ Այս ամենի համար շնորհակալություն եմ հայտնում տիկին Ժուլիա Մութլուին և պարոն Այթաչ Արազին, ցանկանում նրանց նորանոր հաջողություններ իրենց ձեռնարկներում»,-հավելեց փոխնախարարը:

Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ստամբուլի հայ համայնքին, այն արվեստագետներին ու մշակութային գործիչներին, որոնք անմնացորդ սիրով շարունակում են պահպանել ազգային հայկական արժեքները, ստեղծում են  նորերը և արժանապատիվ կեցվածքով դրանք ներկայացնում աշխարհին:

Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրինությանը ցուցասրահը սիրով տրամադրելու համար: