Տեղի է ունեցել գրադարանային ոլորտի խնդիրների քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

2018 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վ. Բուդումյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել գրադարանային ոլորտի  խնդիրների քննարկման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել են գրադարանային ոլորտի հիմնախնդիրները, հնչել են տարբեր առաջարկներ` ոլորտի հետագա զարգացումն ապահովելու, էլեկտրոնային շտեմարանների, համայնքային հանրության ընթերցանության իրավունքի իրացման, նոր ժամանակակից գրադարանների ձևավորման շուրջ:

Նախարարի տեղակալ Վ. Բուդումյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման ուղղությամբ նախարարության դիրքորոշումը` գրադարանային հավաքածուների համալրման ֆինանսական միջոցների ավելացման, թվային բազաների մատչելիության ապահովման ուղղությամբ: Որպես առաջնահերթ լուծում պահանջող խնդիր միաձայն ընդունվել է համայնքային գրադարանների փակման, լուծարման կամ գրադարանային հավաքածուները այլ կառույցների հանձնելու իրողությունը: Որոշվել է գրությամբ դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը` իրականացնելու գույքագրում և հաշվառում` ճշգրտելու գործող գրադարանների իրական թիվը, գրքային հավաքածուների, ինչպես նաև գրադարանային աշխատակիցների  քանակը: Առաջարկվել է ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտերում մշակել փոփոխությունների  նախագիծ և ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարին և կառավարությանը: