Գիտելիքի և դպրության օր. Ի՞նչու Սեպտեմբերի 1

ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահությունը 1984 թվականի հունիսի 15-ի հրամանագրով՝ «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր, հայտարարեց:

Անգամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Գիտելիքի օրը մնաց պաշտոնական տոն հետխորհրդային մի շարք պետություններում՝ Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենիայում, ինչպես նաև Չեխիայում և մերձբալթյան երկրներում։

Այս պետություններում սեպտեմբրի 1-ից է սկսվում նաև նոր ուսումնական տարին: Չնայած նրան, որ Գիտելիքի օրը միջազգային տոն է համարվում,  ոչ բոլոր երկրներում է, որ նոր ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի մեկից։

Օրինակ ԱՄՆ-ում և եվրոպական բազմաթիվ երկրներում, ուսումնական տարվա մեկնարկի հստակ օր չկա,  ուսումնական տարին սկսվում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ  օրը որոշում է այս կամ այն  վարչատարածքային միավորի ղեկավարությունը: Գերմանիայում աշակերտները գնում են դպրոց հոկտեմբերի կեսերից, երբ վերջնականապես ավարտվում է ամառային շոգը։ Ճապոնիայում և Հնդկաստանում էլ նոր ուսումնական տարվա սկիզբը նշում են ապրիլի 1-ին և ավարտում հաջորդ տարվա մարտին։ Ավստրալիայում առաջին զանգը հնչում է փետրվարին։

Առ այսօր շատերին է հետաքրքրում, թե ինչու՞ որպես ուսումնական նոր տարվա մեկնարկ ընտրվեց հենց սեպտեմբերի 1-ը:

Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի: Դեռևս  4-րդ դարում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ էլ որոշում է կայացվել նոր տարին սկսել սեպտեմբերի 1-ից։

Նիկիական ժողովի որոշումները  Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ է ներառել Գրիգոր Լուսավորիչը։ Քանի որ այդ ժամանակաշրջանում բոլոր դպրոցները գործում էին եկեղեցուն կից՝ նոր ուսումնական տարին ևս սկսեցին նշել սեպտեմբերի 1-ին:

RESPUBLICA