Հայկ Մարության «քաղաքական» գործիչը չի կարող լինել Երևանի քաղաքապետ

Հայկոյի ելույթը լավը չէր, եթե դա դեպրեսիայի մեջ գտնվող մարդու էմոցիոնալ պոռթկում չէր, այլ իրական մտածելակերպ, ապա նա չի կարող լինել Երևանի քաղաքապետ:

Առաջին անգամ ունկնդրեցի Հայկ Մարության «քաղաքական» գործիչի ելույթը ու ստացա տպավորություն, որ նա չի կարող լինել Երևանի քաղաքապետ: Կրկին համոզվեցի, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով:
Անկեղծ ասած, առաջադրված թեկնածուներից որևէ մեկին այդ պաշտոնում չեմ տեսնում: Ժամանակն է, որ ընտրենք ոչ թե չարյաց փոքրագույնը, այլ լավից առավել լավը: Եթե ունեցել ենք կաշառակեր, թալանչի, քաղաքի կառավարումը տապալած քաղաքապետներ, ապա չի նշանակում, որ պետք է ընտրենք ազնիվ, մաքուր, բայց ոչ կոմպետենտ դերասանին:
Երևան քաղաքի պաշտոնը հայեցողական չէ (թեպետ հայեցողական պաշտոններում էլ է պետք նշանակել արժանավորներին) և «դեր» չէ: ժողովրդավարությունը սկսվում է համայնքային կառավարումից՝ ՏԻՄ-ից, ու եթե համաժողովրդական Վարչապետը դա չգիտակցի ու ոչ կոմպետենտ մարդկանց բարձրաստիճան պաշտոններին նշանակելու պրակտիկան չդադարեցնի, նա կարճ ժամանակում կդադարի համաժողովրդական լինելուց:

Հ.Գ. Վերջապես դադարեք թիմ ասելու պրակտիկան: Հեղափոխությունը ՔՊ-ն չարեց, հանկարծ չխառնեք, պարոնայք: Հեղափոխությունը Ժողովուրդը արեց: Նիկոլ Փաշինյանին ընտրեցինք վարչապետ, որպես ՆԻԿՈԼ, ոչ թե որպես ՔՊ-ի առաջնորդ: Իսկ եթե ամբողջ ազգին եք թիմ ասում, ապա իմացեք, որ եթե թիմը բոլորն են, ապա թիմ գոյություն չունի:

Գուրգեն Սիմոնյան