Ի՞նչ կենսագրություն ունի Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Արման Դիլանյանը

Respublica.am-ը ներկայացնում է իրավաբանական գիտությունների թեկնածու,  ՀՀ Վարչական դատարանի դատավոր, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու՝ Արման Դիլանյանի կենսագրությունը:

Արման Դիլանյանը ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գերափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ: 2012 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2013 թվականի ապրիլ 26-ը կատարել է ՀՀ սահամանդրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017թ. ապրիլի 28-ին ՀՀ Դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ: