Լիլիթ Մակունցը հանդիպել է նկարիչների հետ

Նախարար Լիլիթ Մակունցի նախաձեռնած հանդիպումների շարքը նկարիչների հետ տեղի ունեցավ համեմատաբար ավելի բուռն, ժամանակ առ ժամանակ «բարձր տոնայնությամբ», բայց կրկին կառուցողական մթնոլորտում:

«90-ականներից հետո արվեստագետ հասկացողությունը մեզանում վերացել է: Հայաստանում նկարիչը կարգավիճակ չունի, ոչնչից չի օգտվում, այդ թվում՝ թոշակից: Անգամ բանկից վարկ վերցնելու հնարավորություն չունենք»,- դժգոհեց նկարիչ, քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Աթանյանը:
Նկարիչների հետ երկրորդ հանդիպման առանցքում ևս օրենսդրական խնդիրներն էին. նկարների ներմուծման և արտահանման հետ կապված հարցեր, ստեղծագործական միությունների մասին օրենք, հեղինակային իրավունք, արվեստանոցների վարձավճարների հարկման քաղաքականություն և այլն:
«Երևանում նկարիչը քիչ թե շատ «շնչում է», մարզերում մի կերպ ենք գոյատևում»,- նշեց Վանաձորից ժամանած երիտասարդ նկարիչ Տիգրան Հարությունյանը:


Նկարիչներն անդրադարձան նաև ցուցահանդեսների կազմակերպման դժվարություններին, կոչումների, ինչպես նաև պետության կողմից անտեսված լինելու ցավոտ թեմային:
Նկարիչ-մշակույթի նախարարություն կապը պետք է ամրապնդել. հանդիպմանը ներկա արվեստագետների ընդհանուր դիրքորոշումն էր:
«Այդ կապն ամրապնդելու, մեր համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար ակնկալում եմ գործնական առաջարկներ: Առանց ձեր «ազդակների» մենք ոչինչ անել չենք կարող: Հենց դրա՛ն է միտված արվեստագետների հետ հանդիպումների այս շարքը»,- ասաց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով այն քայլերը, որոնք նախարարությունն այս ուղղությամբ արդեն ձեռնարկել է:
Հանդիպման ընթացքում նախարարի նոթատետրում տեղ գտած առաջարկները, նրա իսկ վստահեցմամբ՝ անպայման ուշադրության կենտրոնում կլինեն:
Նկարիչների հետ հանդիպման օրակարգը սպառված չէ: Առջևում՝ թվով երրորդ հանդիպումն է: