Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի պատվիրակության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Անտոնի Պորտանտինոյին, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանին, Կալիֆորնիայի խորհրդարանի, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի և Գլենդելի քաղաքապետարանի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը և Ավագ Ավանեսյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Արծվիկ Մինասյանը, ողջունելով հյուրերին նշել է, որ չափազանց բարձր է գնահատում հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և ավելացրել, որ կան մեծ նպատակադրումներ և նախաձեռնություններ, մասնավորապես, երկու երկրների առևտրաշրջանառությունն ընդլայնելու, ինչպես նաև ԱՄՆ ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ ներգրավելու առումով։ Այնուհետև նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը և զարգացման հեռանկարները, տնտեսության առանցքային ոլորտները, որոնք առավել հետաքրքիր կարող են լինել ներդրումների ներգրավման տեսակետից։

Նախարարն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտը, նշելով, որ այստեղ կա ոչ միայն մեծ ներուժ, այլև արդեն իսկ արձանագրված դրական արդյունքներ։ Նա կարևորել է նաև զբոսաշրջության ոլորտը, շեշտելով, որ Հայաստանը հետաքրքիր է այցելությունների համար որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած և հարուստ պատմական ժաանգություն ունեցող երկիր, սակայն այս ոլորտում լուրջ ներդրումային պոտենցիալ և չօգտագործված լայն հնարավորություններ կան ու այս առումով մեր երկիրը կարող է շատ հետաքրքիր լինել։ Որպես ներդրումների համար նպաստավոր ոլորտ նախարարն առանձնացրել է նաև մշակող արդյունաբերությունը։

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ներկա փոփոխությունները դրական լիցքեր են հաղորդել գործարար շրջանակներին և հավելել, որ կառավարությունը ջանքեր է գործադրում Հայաստանի տնտեսական ներուժը միավորելու և ուժեղացնելու, ինչպես նաև Հայաստանը ներդրումների տեսակետից ավելի գրավիչ երկիր դարձնելու համար։ Այս համատեքստում նախարարը կարևորել է Հայաստանի ներկայացումն արտերկրում որպես ներդրումային տեսանկյունից մեծ հնարավորությունների երկիր։

Կալիֆորնիա նահանգի պատվիրակության անդամները շնորհակալությունն են հայտնել նախարարին ընդունելության համար։ Նշելով, որ իրենց այցի նպատակն է ամրապնդել Կալիֆոռնիա-Հայաստան կապերը, հյուրերը ներկայացրել են իրենց հետաքրքրությունների շրջանակը՝ հատկապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը և պատրաստակամություն են հայտնել օժանդակել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումին։