Արթուր Դավթյանը հանդիպել է Շվեյցարիայի գլխավոր դատախազի հետ

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային  համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:

Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը խթանել է քաղաքացիների փոխայցելությունները, ինչով պայմանավորված՝ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Գոհունակություն հայտնելով այս առումով ձևավորված գործակցության նախադրյալների կապակցությամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություներ են ձեռք բերել իրավական փոխօգնության շրջանակներում փոխադարձ շփումներն առավել դինամիկ, օպերատիվ, համակարգված և արդյունավետ դարձնելու շուրջ: