Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար: Աջակցությունը նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար: Հիմնավորման համաձայն՝ 2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ. հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն ներմուծված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը:

 

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70: Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև կանխավճարի ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով: Միաժամանակ նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն 20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով կանխավճար: Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Առավել մանրամասն՝ gov.am կայքում: