Նախագահը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ

Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։

Նախագահը  Սարգսյանը հանդիպում է ունեցել ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավարության հետ։

Զրուցակիցների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընկերության բարձրաստիճան պատվիրակությունը կմասնակցի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին նախատեսվող գործարար համաժողովին:

Նախագահ Սարգսյանը կարեւորել է ֆրանսիական հայտնի ընկերության գործուն եւ ակտիվ մասնակցությունը համաժողովի աշխատանքներին:

***

Միջուկային եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած հանրահայտ Orano ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քննարկել է Հայաստանում ընկերության գործունեության հետ կապված հարցեր։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ընդլայնել ընկերության ներկայությունը մեր երկրում, մասնավորապես մասնակցությունը Հայկական ատոմային էլետրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման գործում։
***

ADS ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է մեր երկրի ներդրումային գրավչությանն ու գործարար միջավայրին, ներկայացրել փոխգործակցության ներուժը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանում ֆինանսական ծառայությունների տարածաշրջանային կենտրոն հիմնելու վերաբերյալ։

***

Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ սննդամթերքի առաքման ոլորտում գործունեություն ծավալող հայտնի Sodial ընկերության ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում խոսվել է համագործակցության հնարավորությունների մասին։ Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ուսումնասիրելու սննդարդյունաբերության ոլորտը եւ արտահանման հեռանկարները։

Խոսելով մեր երկրի ընձեռած մրցակցային առավելությունների մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի հնարավորություններն օգտագործել որպես դարպաս՝ դեպի Եվրասիական տնտեսական միության շուկաներ։