Մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որի հիմնական նպատակներից է Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումը եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում:

Սեպտեմբերի 26-ին` ժամը 13:00-ին, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասնակիցները, մի խումբ արվեստագետներ ծաղիկներ կխոնարհեն Կոմիտասի շիրիմին և կկատարվի  հոգեհանգստի արարողություն:

«Կոմիտաս» միջազգային փառատոնի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան/:

Այս տարի գիտաժողով–փառատոնի շրջանակում միջոցառումներ կիրականացվեն նաև Ֆրանսիայում. սեպտեմբերի 28-ին Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը, որին կհաջորդի խմբերգային երաժշտության երեկո «Voix de Stras» երգչախմբի մասնակցությամբ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Կատրին Բոլզանժե/:

Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն /Ճապոնիա/ և Սերխիո Էսկալերան /Բոլիվիա/:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 16:00-ին:

Միջազգային գիտաժողով-փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին, ժամը 16:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայաստանի մանկական երգչախմբերի համերգով:

Հիշեցնենք, որ «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ: