Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը` թիմի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին` նախարարը ուրախությամբ հայտնեց, որ համատեղ ջանքերը զգալի արդյունք են տվել, և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ում աշխատող չինական «Սինոհիդրո» ընկերությունը ակտիվացրել է շինարարությունը։
ԱԶԲ ներկայացուցիչը նույնպես գոհունակությամբ ընդգծեց, որ ընկերության հետ կապված խնդիրները մեծամասամբ լուծվել են։ Նա նշեց, որ իրենց դիտարկման արդյունքում չինական ընկերության կողմից իրականացվող շինարարության տեմպերը շուրջ 5 անգամ ավելացել են։
Նախարարն ասաց, որ այս պահին Տրանշ 2-ում` իսպանական ընկերության կողմից իրականացվող բետոնապատման աշխատանքները նվազեցվել են, որպեսզի հնարավոր լինի որակի պատշաճ վերահսկում իրականացնել։
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է ԱԶԲ-ի աջակցությունը, որպեսզի համատեղ ջանքերով լիարժեք ուսումնասիրություն կատարվի բետոնապատված հատվածներում՝ առկա ճաքերի պատճառները լիարժեք վեր հանելու ուղղությամբ և պարզելու՝ արդյոք միայն ցեմենտի բարձր թթվայնությու՞նն է դրա հիմնական պատճառը, և այն նվազեցնելու ու պահանջվող մակարդակի հասնելու դեպքում այդպիսիք արդյոք կբացառվե՞ն, թե՞ կարող են լինել նաև ճաքերի այլ պատճառներ, որոնք անհրաժեշտ է այս պահին պարզել և միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:
Բանկի ներկայացուցիչը նշեց, որ իրենք միակարծիք են և պատրաստ են աջակցել։
Աշոտ Հակոբյանը Թոմաս Հերցի հետ քննարկեց նաև ծրագրի շարունակականության հարցը։ Վերջինս հայտնեց, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել ծրագիրը։ Խոսվեց Տրանշ 4-ում և 5-ում ԱԶԲ ներգրավվածության հեռանկարների մասին:
Կողմերը քննարկեցին նաև միջազգային տնտեսական կլոր սեղան- համաժողովի` Հայաստանում անցկացման հնարավորությունները։