Վարչապետ Փաշինյանի աննախադեպ վարկանիշը թույլ է տալիս ոչ ստանդարտ քայլերի միջոցով հաջողություններ գրանցել. Արմեն Հարությունյան

Respublica.amի զրուցակիցն է իրավաբանության մագիստրոս, քաղաքական գիտությունների թեկնածու Արմեն Հարությունյանը:

-Պարոն Հարությունյան, սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության 43,65 տոկոսը, արդյո՞ք մտահոգիչ չէ:

Նախ, ընտրություններին մասնակցությունը գրեթե միշտ լինում է 50-60 տոկոս, ոչ ավելին: Բացի այդ, կարծում եմ՝ ընտրացուցակները դեռևս վերջնականապես մաքրված չեն: Հայտարարված 848.000 ընտրողնեերից շատերը տևական ժամանակ է ինչ Երևանում չեն, Հայաստանում չեն, բայց քանի որ ունեն Երևանի գրանցում՝ ներառվել են ընտրացուցակների մեջ: Եթե սրան գումարենք նաև այն փաստը, որ բացառվել է թաղային հեղինակությունների ներգրավվումը ընտրական գործընթացներին, բացառվել է ընտրատեղամասերի մոտ կուտակումներն ու գազելներով մարդ բերելու ավանդույթը, ապա մասնակցության այս թիվը այդքան էլ մտահոգիչ չէ:

Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է  ընտրողների 81 տոկոսից  ավելին,  սա ևս մտահո՞գիչ չէ:

— 81տոկոսը լուրջ թիվ է, այն կարող է և մտահոգիչ լինել, և կարող է հնարավորությունների ու մեծ հաջողությունների հիմք հանդիսանալ: Կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի քաղաքային իշխանությունը: Մտահոգիչ կլինի եթե իշխանությունները որևէ պահից սկսած հրապուրվեն ստացված քվեների տոկոսից և կտրվեն իրականությունից, բայց ես հակված եմ հակառակը մտածելու: Համենայն դեպս, 81 տոկոսը ավելի շատ պարտավորեցնող է, քան մտահոգիչ, կարծում եմ Հայկ Մարությանը կանի հնարավորը՝ Երևանը ավելի հարմարավետ դարձնելու համար,

— Չեք կարծու՞մ, որ այդ ցուցանիշը վարչապետ Փաշինյանի՝ քարոզարշավին մասնակցելու արդյուքնում հնարավոր եղավ գրանցել, նույնիսկ հակառակ թևից կարծիքներ հնչեցին, որ վարչապետի համար պետք է միևնույն լիներ, թե ով կընտրվի Երևանի քաղաքապետ:

Վարչապետ Փաշինյանի մասնակցությունը, կարծում եմ, ունեցել է դրական ազդեցություն: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին` կռահում եմ թե ում եք ակնարկում, ուղղակի փաստեմ, որ հատկապես խորհրդարանական պետությունում, երբ վարչապետը կուսակցական է, վարչապետի համար չի կարող միևնույն լինել թե ով կլինի Երևանի քաղաքապետը, դա անհեթեթություն է: Ցանկացած քաղաքական ուժի ղեկավար ձգտում է, որ իր կուսակցությունը հաղթի բոլոր ընտրություններում՝ և՛ համապետական, և՛ տեղական ինքնակառավարման, և՛ հերթական, և՛ արտահերթ:

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք կա արդյո՞ք:

— Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիքը կարող է և չլիներ, եթե վստահ լինեինք, որ Փաշինյանի կառավարության քաղաքական հակառակորդները կառավարության նախաձեռնությունները հաստատում են ոչ թե նրա համար որ ժամանակ շահեն ու այդ ընթացքում կառավարությունը տապալվի, ձախողվի, այլ՝ նրա գործունեությանը չխոչընդոտելու համար միայն: Ավելին՝ եթե մենք ի դեմ ԱԺ-ում Փաշինյանի հակառակորդների ունենայինք իրական  ընդդիմություն, շատ ավելի լավ քաղաքական պատկեր կարող է ստացվեր: Կարծիքների ու գաղափարների օբյեկտիվ բախման, փոխադարձ զսպման արդյունքում՝ հնարավոր կլիներ շոշափելի արդյունքներ գրանցել:

-Այսինքն՝ խորհրդարանական կառավարման համակարգը այս համատեքստում ապագա չու՞նի, փաստորեն:

Խորհրդարանական կառավարման համակարգը չպետք է առհասարակ ներդրվեր՝ այն հարմարացնելով մեկ մարդու: Կան խորհրադարանական կառավարման համակարգի մի շարք բնորոշիչներ, որոնցից կարելի է առանձնացնել հասարակության բարձր իրավագիտակցությունը, միջին խավի առկայությունը, ոչ պատերազմական իրավիճակը և այլն, և այլն: Ցավոք սրտի մենք ոչ մի կետով չենք համապատասխանում այս կառավարման համակարգին, ապագա ունի թե ոչ՝ ցույց կտա ժամանակը:

-Փաշինյանի կառավարությունը  կձախողվի՞ Ձեր կարծիքով, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ, ինչպես Դուք նշեցիք, ցանկացողները քիչ չեն:

Վարչապետ Փաշինյանը ունի աննախադեպ լեգիտիմություն և նրա կառավարությունը կարող է և պարտավոր է միայն հաջողություններ գրանցել, բայց հաջողություններ գրանցելու համար նոր իշխանությունները ունեն կադրային լուրջ դեֆիցիտ, ունեն օբյեկտիվ ընդդիմության կարիք, խնդրում եմ ուշադրություն դարձնել, խոսքը գնում է ոչ թե ցանկացած, այլ՝ օբյեկտիվ ընդդիմության մասին, քաղաքական ուժի, որը ոչ թե կփնովի իշխանություններին, այլ յուրօրինակ խորհրդականի դեր կկատարի իշխանության համար: Բացի այդ, չնսեմացնելով մնացյալ ոլորտների կարևորությունը՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կրթության, ռազմարդյունաբերության և առողջապահության ոլորտներին: Եթե այս երեք ուղղություններով կարողացանք հաջողություն ունենալ, եթե կարողացանք Հայաստանը դարձնել աշխարհի և, մասնավորապես, տարածաշրջանի կրթական, ռազմարդյունաբերական և առողջապահական կենտրոն, ուրեմն՝ ամեն բան լավ է լինելու:

-Կարծում եք հնարավո՞ր է նման արդյունք գրանցել:  

-Միանշանակ այո, եթե այլ պետություններին, այդ թվում՝ Բելառուսին, հաջողվել է համաշխարհային մակարդակի առողջապահական կենտրոններ ունենալ, ռազմամթերք արտահանող պետություն դառնալ, ուրեմն մենք էլ կարող ենք: Հատկապես, երբ Հայաստանի վարչապետը, գոնե այս պահի դրությամբ, ունի բացարձակ լեգիտիմություն, բարձր վարկանիշ՝ նա կարող է իրեն թույլ տալ ոչ ստանդարտ որոշումների, քայլերի միջոցով փորձել զարգացնել նշված ոլորտները, իսկ այդ ոլորտների զարգացումը, դոմինոյի էֆեկտով, բերելու է բոլոր ոլորտների զարգացմանը: