Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում տարվող հակաքաղցկեղային ռազմավարությանը 2 հիմնական ուղղությամբ` կլինիկական եւ հանրային առողջապահության: Սա ենթադրում է մասնագետների փոխայցեր, վերապատրաստումներ եւ փորձի փոխանակում: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությանն առնչվող այս եւ այլ հարցեր:
Նախարար Թորոսյանն ընդգծել է հայկական կողմի հետաքրքրությունը գործակցության 3 հիմնական ուղղությամբ` հակաքաղցկեղային ծրագրերի իրականացում, հաստ աղու քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրի ներդրում եւ տեխնիկական աջակցություն փոխպատվաստման ոլորտում`այդպիսով թեթեւացնելով պետության բեռը դիալիզի տրամադրման առումով:
Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել,  որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:
Հանդիպմանը մասնակցող պրոֆեսորներ Յուրգեն Շեֆերսն ու Հայեր Յորգն իրենց հերթին փոխանցել են սեփական դիտարկումները մասնագիտական փորձի փոխանակման, փոխայցերի կազմակերպման եւ առաջիկա կարեւոր քայլերի առումով:
Պայմանավորվածություն է ձեռք բերել նշված ուղղություններով գործակցության առավել առարկայական քայլերը քննարկվել առաջիկա հանդիպումների ընթացքում` հստակեցնելով դրանց  հաջորդականությունն ու ժամկետերը: