Ժ․ Մասնեի «Մանոն» օպերան արժանացավ հանդիսատեսի բարձր գնահատականին

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 7-ին և 10-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Ժ․ Մասնեի «Մանոն» օպերային ներկայացման հայաստանյան պրեմիերան։

Իրադարձությունը բացառիկ էր, քանի որ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի գործունեության 85 տարիների ընթացքում առաջին անգամ ներկայացվեց Ժ․ Մասնեի «Մանոն» օպերան։

Պրեմիերային երկու ներկայացումների արձագանքը կարծես թե գերազանցեց սպասումները. «Մանոնը» հանդիսատեսի կողմից ընդունվեց հոտնկայս ու չդադարող ծափերով:

Ժ․ Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884 թվականի հունվարի 19-ին՝ Փարիզի «Օպերա կոմիկում»։

Ա․Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։

Լիպարիտ Ավետիսյանը Ա․ Ժագարսի բեմադրությամբ Ժ․ Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

«Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով մաեստրո Կ․ Օրբելյանի հրավերով Ա․ Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրավված են աշխարհի տարբեր երկրների հագուստի լավագույն դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։

Բեմադրող դիրիժոր՝ Քրիստոֆեր Օկասեկ /ԱՄՆ/, բեմադրող ռեժիսոր՝ Անդրեյս Ժագարս /Լատվիա/:

Դերերում՝ Մերի Մովսիսյան /Մանոն/, Լիպարիտ Ավետիսյան /Շեվալիե դե Գրիե/, Կիմ Սարգսյան /Լեսկո/, Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան
/Կոմս դե Գրիե/, Ռուբեն Նուրիջանյան /Գիյո Մոնֆոնտեն/, Աշոտ Ղանթարջյան /Մսյո դե Բրետինյի/, Սոֆյա Բաղդասարյան /Պուսետտա/,
Թամարա Դադոյան /Ռոզետտա/, Գրետա Բագիյան /Ժավոտտա/, Խաչիկ Բեկյան /հյուրանոցի տեր/:

Բեմադրող նկարիչ՝ Ռեինիս Սուխանովս /Լատվիա/:
Պարուսույց և ռեժիսորի օգնական՝ Իրինա Լիչագինա /Ռուսասատան/:
Զգեստների նկարիչ՝ Քրիստինե Պաստերնակա /Լատվիա/:
Լույսերի ձևավորող՝ Քեվին Վին Ջոնս /Շվեդիա/:
Վոկալի ուսուցիչ՝ Աքսել Էվերարտտ /Բելգիա/:
Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ՝ Լյուբա Թադևոսյան:
Տեսանկարիչ՝ Ինիտա Սիպունովա /Լատվիա/:
Գլխավոր խմբավար՝  Կարեն Սարգսյան /ՀՀ վաստակավոր արտիստ/:

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար՝  Կոնստանտին Օրբելյան /ՌԴ վաստակավոր արտիստ/: