Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

2018 թվականի հոկտեմբերի 9-15-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են վերջին երկու տարիներին ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված գրքեր:
Հայաստանի՝ ավանդական դարձած մասնակցությունն այս տարի ընդառաջ էր Էրեբունի-Երևանի 2800-ամյա հոբելյանին:

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել «Երևան» լուսանկարչական պատկերագրքի անգլերեն տարբերակի  շնորհանդեսը, որը նվիրված էր Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցություն է տրվում արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք պատրաստ են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:
Ցուցահանդեսի մասնակցությունն այս անգամ առանձնահատուկ էր նաև մեկ այլ նախաձեռնությամբ. հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի միջոցառումների համար առանձնացված հատուկ սրահներից մեկում տեղի է ունեցել «Գրելու պատասխանատվությունը` գրավոր խոսքի քաղաքական ուժը» թեմայով քննարկում, որի շրջանակում քաղաքական պոեզիայի միջոցով միջազգային գրական-հրատարակչական հանրությանը ներկայացվել է 2018 թվականին իրականացված թավշյա հեղափոխությունը: Միջոցառման բանախոսներն էին արձակագիր Արմեն Օհանյանը և բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ մշակույթի նախարարությունը փոխանցել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին: