Որոտնավանքին առնչվող ահազանգի հետքերով

Քաղաքացու ահազանգից հետո նախարար Լիլիթ Մակունցի հանձնարարականով ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 14-ին այցելել է Սյունիքի մարզի Վաղատնի համայնքում գտնվող Որոտնավանքի վանական համալիր՝ տեղում իրավիճակն ուսունասիրելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:
«Ուսումնասիրությամբ պարզվեց, որ ահազանգում մատնանշված խաչքարերը տեղաշարժվել են հուշարձանի՝դեռևս 90-ականներին իրականացրած վերականգնման աշխատանքների ընթացքում: Խաչքարերը բավականին վատ վիճակում էին՝ մեկը մյուսի վրա դրված:
ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ անմիջապես միջոցառումներ ձեռնարկեցինք Որոտնավանքի տարածքում. հուշարձանից մասնատված բեկորները տեղադրեցինք համապատասխան տեղերում, «պառկած», «ոտքի տակ» հայնտված», ջրից քայքայման վտանգի առջև կանգնած խաչքարերն ու տապանաքարերը կանգնեցրինք, ավելի նուրբ բեկորները, այդ թվում՝ զարդաքանդակներով թևավոր խաչերը, տեղադրվեցին սրահներում, ամրակայման ու հուշարձանի պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ իրականացրինք»,- օրվա թռուցկաժողովում Որոտնավանքում տիրող իրավիճակն ու կատարված աշխատանքը ներկայացրեց Արմեն Աբրոյանը:
Ինչպես նշեց վերջինը, Որոտնավանքի տարածքում կային հուշարձանապատկան բեկորներ, որոնք վերականգնման ընթացքում իրենց տեղում չէին հայտնվել:
«Այդ բեկորները տեղադրվեցին հուշարձանին հնարավորինս մոտ, սակայն այդ աշխատանքը մեկ օրում հնարավոր չէ ավարտել: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածքային մարմնի աշխատակիցները կիրականացնեն հաշվառման, վավերագրման աշխատանքներ: Տվյալները կփոխանցենք մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ին՝ անհրաժեշտության դեպքում պետական ցանկերում լրացումներ կատարելու համար: Այս աշխատանքը շարունակական է: Որոտնավանքի ընդհանուր վիճակը ենթակա է ավելի խորքային վերանայման: Եվ այդ աշխատանքը պետք է ընդգրկել մեր հետագա ծրագրերում»,- հավելեց գործակալության պետը:
Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Սողոմոն Մաթևոսյանը նախարար Լիլիթ Մակունցին հասցեագրած հաղորդագրությունում օրերս ահազանգել էր Որոտնավանքի՝ վտանգի ենթարկված խաչքարերի մասին: