Արայիկ Հարությունյանն ընդունել է Սան Խոսեի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սան Խոսե (Սիլիկոնյան հովտի մայրաքաղաք) պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանին:

Ողջունելով հյուրին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է բարձրագույն կրթության երեք աստիճաններում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները և այս համատեքստում  կարևորել  միջազգային փորձի ուսումնասիրությունը: Նրա խոսքով` բարեփոխումների փուլում անչափ կարևոր են Մերի Փափազյանի նման մեծ ավանդ ունեցող  մասնագետների  կառավարման և մասնագիտական փորձն ու գիտելիքները: Անդրադառնալով բուհական ոլորտի հիմնախնդիրներին և դրանց ուղղությամբ նոր իշխանությունների քաղաքականությանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ներկայումս մշակվում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որը, ի թիվս այլ փոփոխությունների, նաև  ներկայացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միասնական օրենսդրական կարգավորումները: Նրա բնորոշմամբ`  թեպետ նախորդ իշխանությունների մշակած վերոնշյալ օրենքի նախագիծն առաջին հայացքից որոշակի առաջընթաց էր, այդուհանդերձ այն ակադեմիական ազատությունների տեսանկյունից որոշակի սահմանափակումներ ուներ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում բուհերի խոշորացման և միավորման ուղղությամբ, որի համատեքստում կարևորվելու է նաև հետազոտական ինստիտուտների և բուհերի համագործակցությունը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի բուհերի միջազգայնացման և կրթական բրենդի ձևավորման ուղղությամբ, քանի որ, ըստ նախարարի, Հայաստանի բուհերը բավարար գործիքակազմ չեն օգտագործում իրենց ներուժն աշխարհին ներկայացնելու համար: Դրան զուգահեռ Արայիկ Հարությունյանը կարևորել է հանրակրթությունում և բուհական համակարգում օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման գործընթացը: Անդրադարձ կատարելով  պետական ֆինանսական միջոցների նպատակային կառավարմանը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Արձանագրենք, որ պետական բյուջեի կրթության ոլորտին հատկացվող ներկա  ֆինանսավորման և առկա գործիքների պայմաններում ևս արդյունավետ աշխատանքի դեպքում կարող ենք լավ արդյունքներ գրանցել»: Ներկայացնելով ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝  Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախանշվող փոփոխություններն արմատապես կփոխեն գործող համակարգը: Այս համատեքստում Ա. Հարությունյանը կարևորել է Սան Խոսեի համալսարանի փորձն ու  աջակցությունը:

Իր հերթին Մերի Փափազյանը գնահատել է Հայաստանի կրթության համակարգի բարեփոխումներին միտված նոր իշխանությունների ջանքերը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել  ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական ծրագրերի,  կրթակարգի վերամշակման և այլ  գործընթացներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գիտակրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի: