Մահացել է Վահագն Մարգարյանը

Այսօր առավոտյան դադարեց բաբախել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանի սիրտը: Նա վթարի էր ենթարկվել և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին: Մինչ այդ գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաև Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013 թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ. Բիզեի, Ռ. Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա-դե-դե), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պա-դե-դե) և այլն: 2015 թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

Վահագն Մարգարյանի հարազատների, ընկերների, արվեստի երկրպագուների հետ կիսում ենք կորստի սարսափելի ցավն ու մաղթում համբերություն, տոկունություն: