Կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը

Նոյեմբերի 28-ին, 78 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի լուսանկարիչ Մարտին Շահբազյանը։
Մարտին Շահբազյանը ծնվել է 1940 թվականի հունիսի 25-ին, Երևանում: 1958 թվականին ավարտել է Երևանի Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը: 6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ: Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ: 1966 թվականից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76 թվականներին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից: 1976-2001 թվականներին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում: 2001-2010 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցը:
Մասնակցել է միջազգային և հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ: 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը «Ռոյթերս» գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2009 թվականին, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է Մարտին Շահբազյանի «Իմ Հայաստան» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, տեղի է ունեցել նաև նույնանուն պատկերագրքի շնորհանդեսը:
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել նաև աշխարհի մի շարք երկրներում: