«Լրագրողի աշխատանքը պետք ընկալվի որպես տվյալ խնդրի լուծմանը հասնելու աջակցություն» Արման Թաթոյան

Երեկ Արման Թաթոյանը «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» թեմայով մրցանակաբաշխության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ մրցանակը հանձնել է լրագրող Լուսինե Ղարիբյանին «Բրայլյան համակարգով կրթող միակ դպրոցում դասագրքերի մեծ պակաս կա» վերնագրով նյութի համար։

Դեռևս անցյալ տարի այդ հրապարակման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշման համաձայն՝ քննարկման ընթացակարգ է սկսվել սեփական նախաձեռնությամբ։ Պաշտպանի աշխատակազմը չհայտարարված այցեր է իրականացրել լրագրողի հոդվածում նշված Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոց, արձանագրվել են մի շարք այլ խնդիրներ ևս։ Դրանց լուծմանն ուղղված առաջարկներ են ներկայացվել համատեղ աշխատանք է տարվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

«Լրագրողի աշխատանքը պետք ընկալվի որպես տվյալ խնդրի լուծմանը հասնելու աջակցություն, ոչ թե խոչընդոտ, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ որքան քիչ է լուսաբանված կոնկրետ ոլորտ, այնքան շատ են այդ ոլորտում խնդիրները»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Նշենք, որ Մրցանակաբաշխությունը հայտարարվել էր Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ — Հայաստանի համաֆինանսավորմամբ մեկնարած «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել էր «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության կողմից «Հետաքննող լրագրողներ» (hetq.am) հասարակական կազմակերպության հետ համատեղ։