Էրեբունիում բացվել է հիմնանորոգված թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Մշակութային օջախի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, այլ հյուրեր: 1972թ. հիմնադրված կենտրոնում այսօր շուրջ 800 սանի համար նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել:

«Սա այն է, ինչ հարկավոր է մեր քաղաքին ու մեր երկրին, սա մեր առաջնահերթություններից է և, բնականաբար, Երևան համայնքը հանձնառություն ունի՝ ապահովելու այդ հնարավորությունը մեր երեխաների համար: Եվ ես ուրախ եմ ազդարարել, որ այսուհետև Էրեբունի վարչական շրջանի, և ինչու ոչ՝ նաև մեր քաղաքի այլ թաղամասերում ապրող երեխաները կարող են կրթել և զարգացնել իրենց գեղարվեստական ճաշակը, մարմնամարզության և արվեստի բնագավառում իրենց գիտելիքներն ու հմտություններն այս գեղեցիկ ու ժամանակակից կենտրոնում»,— նշել է քաղաքապետը:

Էրեբունի վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հիմնանորոգումը Երևանի քաղաքապետարան-ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր համագործակցության հերթական օրինակն է, որի հիմքում Էներգաարդյունավետության ու ջերմամեկուսացման բաղադրիչների համակողմանի կիրառումն է: Ի դեպ, ջեռուցման համակարգի արդիականացման արդյունքում տեղադրվել են հատուկ կաթսաներ, որոնց շնորհիվ շենքի սպասարկման ծախսերը կկրճատվեն շուրջ 60 տոկոսով:
Կարևորելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ երկու կառույցների միջև համագործակցությունը լինելու է շարունակական և ընդգրկելու է նոր ուղղություններ:
«Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ մեր համագործակցությունը խիստ արդյունավետ է: Հատկապես Երևանի կանաչ տնտեսության զարգացման հարցում UNDP-ի աջակցությունը անհնար է գերագնահատել: Այս պահին էլ քննարկումների և իրականացման փուլում են համատեղ մի շարք ծրագրեր, որոնք վստահաբար, ավելի անվտանգ, լուսավոր և հարմարավետ են դարձնելու կյանքը Երևանում»,— նշել է Հայկ Մարությանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն իր հերթին արդյունավետ ու հաջողված է գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված համագործակցությունը:
«Սա սքանչելի համագործակցության արդյունք է՝ ՄԱԿ-ի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության միջև: Այս նախագծով մենք կարողացանք լուծել մի քանի խնդիր, այն բազմակողմանի է: Մի կողմից այն բարձրացնում է էներգաարդյունավետությունը, կրճատում կլիմայի վրա ազդեցությունը, նաև կրճատում ծախսերը՝ ապահովելով խնայողություններ: Ամենակարևորը, որ մենք կարողացանք ստեղծել ջերմ, հարմարավետ, հաճելի միջավայր երեխաների համար»,— նշել է Շոմբի Շարփը:
Երևանի քաղաքապետը շրջել է կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել սաների ու աշխատակիցների հետ:
Ծրագրի շրջանակում աշխատանքներ են տարվել շուրջ 6000 քմ տարածքով մասնաշենքերի հարկաբաժինների, դասասենյակների ու սանհանգույցների նորոգման ուղղությամբ: Փոխվել է տանիքի ծածկը, ինչպես նաև ներդրվել է լուսադիոդային և էներգախնայող ժամանակակից համակարգ:

cf904ecac4585fd0c0ea63aa0e968a1a7d2924ed.jpeg (900×600)

367ad33388241501a6974ddb3c652d2b781303a0.jpeg (900×600)

fe3dfb724f2cc7fda538e6920bc0d0da7a6eba28.jpeg (900×600)

c239f1a4c7015cfacb0cd23342ddc175cfa101e9.jpeg (900×600)

3b73009fd5c9729a88437b13b120721c4814b34f.jpeg (900×600)

2aba74ad4504e36480d70795aff7ca27c29db7dd.jpeg (900×600)

5986c9106119d3e25a4360cae72d711d1869545c.jpeg (900×600)