Ամեն ինչ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների մասին

Այս օրերին լայն տարածում են գտել օդակաթիլային կոչվող վարակները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ դրանց մասին, որպեսզի կարողանանք խուսափել վարակվելուց:

Օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներն են. գրիպ, սուր շնչառական վարակներ, դիֆթերիա, տուբերկուլոզ և, ինչպես բժիշկներն են ասում՝ «մանկական» վարակներ (կարմրուկ, կարմրախտ, ջրծաղիկ, քութեշ, կապույտ հազ, խոզուկ) և այլն: Օդակաթիլային վարակներով վարակումը տեղի է ունենում շնչուղիներով՝ հիվանդի (վարակակրի) արտաշնչման, խոսքի, հազի, փռշտոցի ժամանակ վերին շնչուղիներից արտադրված լորձի կաթիլները ներթափանցում են առողջ մարդու շնչուղիներ: Այս հիվանդություններն ունեն բարձր վարակելիություն: «Մանկական» վարակներով մարդը հիմնականում հիվանդանում է կյանքում մեկ անգամ, քանի որ հիվանդությունից հետո տվյալ վարակի հանդեպ առաջանում է կայուն իմունիտետ: Օդակաթիլային վարակները հատկապես ակտիվ են աշնանը և ձմռանը:

Օդակաթիլային վարակների նշաններն են. ընդհանուր հիվանդագին վիճակ, թուլություն, հազ, արտադրություն քթից, ավշային հանգույցների մեծացում, այտուց (հատկապես՝ ծոծրակային, պարանոցային, ենթածնոտային խմբերում) և շոշափման ժամանակ՝ երբեմն ցավոտություն, ջերմության բարձրացում, մաշկի և լորձաթաղանթների տարբեր բնույթի ցանավորում, մարմնի ջերմաստիճանի գգալի բարձրացում, գորշասպիտակավուն փառ բերանի խոռոչի, շնչուղիների կամ այլ օրգանների լորձաթաղանթների վրա, ձայնի խռպոտում՝ ընդհուպ մինչև կորուստ, շնչահեղձության նոպաներ, կլման դժվարացում:

Վարակիչ հիվանդության ժամանակ առաջին օգնությունը չի կարող փոխարինել բժշկական օգնությանը, սակայն, կարող է նպաստել, որ մասնագիտական օգնությունը դառնա առավել արդյունավետ և կանխվի վարակի հետագա տարածումը:

  • Շտապ դիմեք բժշկի, երբեք մի փորձեք ինքնուրույն բուժել վարակիչ հիվանդությունը:
  • Հնարավորության սահմաններում մեկուսացրեք հիվանդին շրջապատից. հատկացրեք նրան առանձին սենյակ, առանձնացրեք ամանեղենը: Հիվանդի հետ պետք է շփվի միայն խնամողը:
  • Խորհուրդ տվեք հիվանդին պահպանել անկողնային ռեժիմ:
  • Անհրաժեշտության դեպքում ձեռնարկեք քայլեր մարմնի ջերմաստիճանն իջեցնելու համար: Թեթևացրեք տուժածի հագուստը, շփեք մարմինը սպիրտի թույլ ջրային գոլ լուծույթով կամ պարզապես գոլ ջրով:
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր` տալով տուժածին մեծ քանակությամբ հեղուկ:
  • Աղբյուր՝ https://bit.ly/2QD54IU