«Ես դա 1-2 ամիս առաջ էի որոշել». «Արսենալի» խաղի ժամանակ դաշտ ներխուժած հայ երկրպագուն պատմում է իր քայլի մասին

Սպարտակ Ադմայանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Քարաբագ» հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժելով հասել է իր նպատակին: Երիտասարդը պատմել է, որ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում նման քայլ անելը նախօրոք պլանավորած է եղել և հատուկ նպատակով:

«Ես դա 1-2 ամիս առաջ էի որոշել՝ այն օրվանից, երբ Մխիթարյանին չթողեցին «Արսենալի» կազմում խաղալ Ադրբեջանում: 2-րդ պատճառն էլ այն էր, որ ադրբեջանցիներն իրենց թիմը կոչել են «Ղարաբաղ» ու ուզում են ողջ աշխարհի ներկայացնել, թե Արցախն իրենցն է: Որոշեցի Արցախի դրոշով դաշտ վազել խաղի ժամանակ, որ ողջ աշխարհին ցույց տամ, որ նախ Ղարաբաղ չէ, այլ Արցախ, հետո էլ Արցախն իրենցը չէ, այլ մերն է: Իմ նպատակները լիովին իրականացան: Ինչպես նախատեսել էի այդպես էլ եղավ: Ոչինչ չկարողացավ խանգարել ինձ: Ամեն ինչ հաջող անցավ, ու բոլորն էլ հայերի կողմից էին, բոլորն էլ գիտեին՝ ով է ադրբեջանցին, ով է հայը, ու ումն է Արցախը: Դրա համար էլ իրնձ երկար չպահեցին ոստիկանությունում»,- պատմեց նա:

Հանդիպման ժամանակ սպասել է մինչեւ «Արսենալի» 3-րդ փոփոխությունը: Տեսնելով, որ Մխիթարյանն այդպես էլ չի մասնակցելու խաղին, որոշել է վազել դեպի պահեստայինների նստարան, որտեղ նա նստած է եղել: Նա Մոնթեի պատկերով շապիկով վազել է դաշտ, պարզել Արցախի դրոշը, սակայն Մխիթարյանին մոտենալ չի հասցրել, հսկիչները նրան հեռացրել են: Ամեն դեպքում հայ ֆուտբոլիստի հետ նա խոսել է:

«Մխիթարյանն ինձ հետ կապ է հաստատել, հեռախոսով խոսել ենք հանդիպման հաջորդ օրը»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում