ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ինչպես գրում է azatutyun.am-ը, քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած Հայաստանի ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 հազար դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:

Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018 թվականների ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72-հազարական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, գործընթացն իրականացվել է Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: 2014-ից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72 հազար դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52 հազար դրամ արժողության հանգստի ծառայություններ, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Առավել մանրամասն՝ azatutyun.am կայքում: