Դատարանը կայացրեց Արամ Հարությունյանին կալանավորելու որոշումը

1in.am լրատվականի հաղորդմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 2 ամսով կալանավորելու ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը:

«Դատարանը բավարարեց հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը: Հարությունյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել»,- ասաց Հակոբյանը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար։ Հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: