Նախկին նախարար Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Ըստ մեղադրանքի` Արամ Հարությունյանը, 2007թ. հունիսի 8-ից զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսանալով ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ, գործարար Ս. Հ.-ին հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար գործարարից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք:

Առավել մանրամասն՝ ccc.am կայքում: