Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով.ՀՐԱՏԱՊ

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը:

«Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց»,- ասաց Մուրադյանը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Դատարանը միևնույն ժամանակ քննել է նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: