Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց Դատախազության բողոքը

armenpress.am լրատվականի տեղեկությամբ՝ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը .Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանվեց և Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այսօր նա կկալանավորվի»,- ասաց Մուրադյանը և հավելեց, որ որոշումը հիմնավոր և օրինական էր:

Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելուհամար: 

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: