Բագրատաշենի մաքսային կետի ճանապարհը փակած քաղաքացիների խնդիրը լուծվեց ԱԱԾ պետ Ա․Վանեցյանի շնորհիվ

Հունվարի 22-ի գիշերը ՀՀ մի խումբ քաղաքացիներ, ի նշան դժգոհության, փակել էին Բագրատաշենի մաքսային կետի ճանապարհը։ Դժգոհության առիթն այն էր, որ Թուրքիայից ապրանք ներկրող այս քաղաքացիները տեղեկացված չեն եղել այն մասին, որ այսուհետ չի թույլատրվում 25 կգ բեռ ներմուծել՝ առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման։ Վերջիններս պահանջում էին, որ այս անգամ, հաշվի առնելով իրենց անտեղյակ լինելու հանգամանքը, թույլ տրվի ներմուծել բեռի այդ քանակությունը։

Սույն տեղեկատվության աղբյուր հանդիսացող Armdaily.am-ի թղթակիցն այդ պահին եղել է մաքսակետում։ Վերջինս ֆիքսել է, թե ինչպես է Վրաստան ուղևորվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ խոսելուց հետո, ԱԱԾ տնօրենը կապ է հաստատել ՊԵԿ նախագահի հետ՝ նրան փոխանցելով քաղաքացիների հորդորը, որ թույլ տան այս անգամ առանց լրացուցիչ հարկի հատել մաքսակետը։ Մեր տեղեկություններով հարցը կարգավորվել է հօգուտ քաղաքացիների։ Առևտրով զբաղվողները ԱԱԾ տնօրենի մոտ նաև մեկ այլ հարց են բարձրացրել։ Նրանք նշել են, որ Թուրքիայից Հայաստան եկող իրենց բեռը Վրաստանում պարտադրում են Հայաստան փոխադրել վրացական փոստային առաքանու միջոցով, ինչը ծախսատար է և հավելյալ դժվարություններ է առաջացնում բեռի փոխադրման ժամկետների հարցում։ Լսելով դժգոհությունը՝ ԱԱԾ տնօրենն հավաստիացրել է քաղաքացիներին, որ այդ հարցն իր պաշտոնական այցի շրջանակներում կքննարկի վրացական կողմի պատկան մարմինների ղեկավարների հետ։ Որպես միջանկյալ լուծում՝ Վանեցյանն առաջարկել է վրացական կողմի հետ քննարկել նաև Վրաստանից Հայաստան ուղեբեռի փոխադրման հարցը՝ հայկական փոխադրամիջոցների օգնությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Armdaily.am կայքում։