Քննչական կոմիտե է հրավիրվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը

tert.am լրատվականը տեղեկացնում է, որ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտե է հրավիրվել Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ Շահգելդյանը բացատրություն է տվել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ։

Քրեական գործի համար հիմք է հանդիսացել «Հետք» տեղեկատվական կայքում 2018թ. սեպտեմբերի 28-ին հրապարակված «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ նյութը, որտեղ մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: