Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. Ֆելիքս Ցոլակյանը դեպքի վայրում է

Հունվարի 24-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գտնվող երկաթգծի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը տարածվել է մոտակա անտառային հատված:

Ինչպես հայտնում է respublica.am-ի թղթակիցը դեպքի վայրից՝ խոշոր հրդեհը բռնկվել է Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Շահալի կայարանին հարակից անտառում:

Հրդեհի տարածման դեմ պայքարում են Լոռու մարզի փրկարարները, ոստիկանները, գյուղի բնակիչներն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայողներ, ովքեր գնացքով ջուր են մոտեցնում հրշեջներին:

Դեպքի վայր է ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով տեղում ծանոթացել է իրավիճակին, տվել համապատասխան ցուցումներ, իսկ այս պահին հետևում է հրդեհաշիջման աշխատանքներին: