«Իմ քայլը» խմբակցությունում երեկ թեժ մթնոլորտում է անցել ՊԵԿ նախագահի հետ փակ հանդիպումը. «Հրապարակ»

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը և էլի ուրիշներ: ՊԵԿ նա­խագահն ասել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակում, որ մամուլում հրապարակված թվերն ուռճացված են, և իր եկամուտներն ամսական 2-3 միլիո­նը չեն գերազանցում՝  աշխատավարձով, հավելավճարով և պարգևատրումներով: 

Ի պատասխան հարցադրումների՝ ՊԵԿ նախագահն արդարացի է համարել այդ գումարի չափը՝ ասելով, որ բարդ և ռիսկային ոլորտում են աշխատում: Սակայն որոշ պատգամավորներ համեմատու­թյուններ են անցկացրել ուսուցիչների աշխատավարձերի հետ. «Ինչու պիտի դպրոցի ուսուցիչը 100 հազար դրամ ստանա, երբ սերունդ է կրթում, որոնցից ոմանք հետո պիտի ՊԵԿ նախագահ կամ աշխատակից աշխատեն, իսկ նշված հա­մակարգում այսպիսի աստղաբաշխական թվեր լինեն»:

Անանյանին պաշտպանել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգա­մավոր, այժմ «Իմ քայլ»-ի անդամ Շիրակ Թորոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ են եղել այդ պարգևատրումները, հի­մա ընդամենը մամուլն է մատի փաթա­թան սարքել: Որոշել են, որ քննարկումը կշարունակեն այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ֆինանսների նախարար, գուցե՝ Երևանի քաղաքա­պետ, հետո միայն եզրակացություններ կարվեն, կորոշեն՝ անհրաժեշտ են օրենս­դրական կարգավորումներ, թե ոչ: Իսկ մարզպետներին չե՞ք կանչելու: «Չէ, իրենք թեմա չեն»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: