Որևէ մեկին պատասխանելու կարիք չկա. խիղճ և խաղաղություն բոլորին. Ֆելիքս Ցոլակյան

Respublica.am–ի զրուցակիցն է ՀՀ ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը.

-Պարո’ն Ցոլակյան, գաղտնիք չէ, որ մեր երկիրը գտնվում է  արտակարգ իրավիճակների մշտական ռիսկի տակ,  այս առումով, նախարարության առաջիկա անելիքներում հասարակությանը կրթելուն միտված  նախագծեր կամ  պլաններ կա՞ն:

-Չափազանց կարևոր հարց եք բարձրացնում, ես դրա մասին բազմիցս խոսել եմ: Այո՛, գաղտնիք չէ, որ Հայաստանը գտնվում է բնական աղետների բարձր ռիսկային գոտում: Քաղաքացիների հետ տարվող աշխատանքները պետք է կրեն մշտական  բնույթ և այստեղ մենք շատ անելիքներ ունենք: Պատահական չէ, որ մենք ցանկանում ենք  հանրակրթական դպրոցներում «քաղաքացիական պաշտպանություն»  առարկա ներդնել, որը կդասավանդվի ոլորտում բարձր  պրոֆեսիոնալիզմ ունեցող   մասնագետների կողմից, իսկ քաղպաշտպանության ուսուցիչը միաժամանակ կլինի այդ դպրոցի պատասխանատուն և մշտապես կլինի կապի մեջ արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Մեր քաղաքացիների համար զգոնությունն ու աղետների հանդեպ զգուշավորության դրսևորումը  պետք է դառնա  կենսակերպ:

-Մասնագետներն ասում են, որ վերջերս Լոռու մարզում բռնկված հրդեհը կարող էր մեծ ծավալներով տարածվել և անկառավարելի դառնալ, բայց փրկարարներին ի վերջո հաջողվեց հանգցնել այն: Ձեզ գոհացնու՞մ են արդյունքները:

-Այո՛, կար տարածվելու հավանականություն, բայց մեր  հրշեջներին հաջողվեց հանգցնել այն: Այ հենց այստեղ է, որ նաև մեր քաղաքացիները պետք է զգոն լինեն, ազդարարեն, կանխարգելման աշխատանքներին տիրապետեն: Եթե ասեմ գոհ եմ, կնշանակի` անելիքներ այլևս չկան, բայց անելիքներ շատ կան, և նմանատիպ դեպքերը էլ ավելի ցցուն են դարձնում բացթողումները:

-Գիտենք, որ դուք  էլ էիք Լոռու մարզ  շտապել, ողջ գիշեր մնացել եք  դեպքի վայրում եք, բայց մամուլում այնքան էլ չտարածվեց Ձեր՝ դեպքի վայրում լինելու, տեղում իրավիճակին ծանոթանալու հանգամանքը: Սովորաբար նման դեպքերը ակտիվ լուսաբանվում են, այս պարագայում մի տեսակ  ինֆորմացիոն քաղց կար,  Դու՞ք եք արգելել, որ Ձեզ լուսաբանեն:

-Դեպքի վայր մեկնել եմ, այո՛: Մեկնել եմ, որովհետև գտել եմ, որ ի պաշտոնե պարտավոր եմ գնալ այնտեղ, տեղում ծանոթանալ իրավիճակին և լինել մեր փրկարարների կողքին: Ինչ վերաբերում է լուսաբանմանը, ապա ոչ արգելել եմ լուսաբանել,ոչ էլ երբևէ որևէ մեկին  պատվիրել եմ: Անկեղծ ասած՝  չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր նման իրավիճակները, ողբերգական դեպքերը  օգտագործում են ինքնագովազդվելու համար: Ես ընդամենը արել եմ, անում եմ և անելու եմ իմ գործը՝  առանց որևէ մեկին զարմացնել ցանկանալու: Յուրաքանչյուրն իր խղճով է առաջնորդվում, թե՛ կյանքում, թե՛ աշխատանքի մեջ:

-Պարո՛ն նախարար,   վերջերս Դուք  Ձեր մի շարք հացազրույցներում  խոսում եք նաև  քաղաքացիների  սպասարկման բարձր որակի ապահովման մասին, մի փոքր կմանրամասնե՞ք ՝ մասնավորապես ինչի մասին  է խոսքը:

-Արդեն խոսել եմ այն մասին, որ պետք է իրականցվեն մի շարք փոփոխություններ՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային: Անհրաժեշտ է, որ   փոփոխությունների արդյունքում քաղաքացիներին  մատուցվող ծառայությունները  էլ ավելի   հասանելի դառնան, իսկ այս համատեքստում ոստիկանության, շտապօգնոթյան, փրկարար ծառայությունների սպասարկման միասնական  համակարգի /911 ծառայության/ արդիականցումը ՀՀ քաղաքացիների   խնդիրների լուծումները  ավելի   համակարգված ու  օպերատիվ կդարձնի: Ահա սրա մասին է խոսքը:

Ի վերջո մեր նպատակն է արտակարգ իրավիճակների նախարարությունը աղետների հետևանքներ վերացնող մարմնից վերածել  անհատ և հասարակություն կրթող կառույցի, ինչն իր հերթին  ուղղակի ու անուղղակի կերպով կնպաստի հնարավոր դեպքերի նվազեցմանը՝  կանխարգելելով արտակարգ իրավիճակները:

-Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ, բայց մամուլում և համացանցում   բավականին հակասական   մեկնաբանությունների տեղիք տվեց  երեկ՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ,   Ձեր խոսքում արված այն արտահայտությունը, որը  վերաբերում  էր երկրի աղքատությանն ու  փոփոխությունների  մասին ձեր տեսլականին:

— Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ նենգափոխել և կոնտեքստից դուրս շրջանառել են իմ արտահայտած մտքերը, ինչն էլ թյուրըմբռնում է առաջացրել: Ինձ քիչ թե շատ ծանոթ մարդիկ, անկասկած, վստահ գիտեն, թե ինչ եմ ասել, ում և ինչի համար: Տարածողներն ու նենգափոխողները ևս գիտեին՝  ինչն էր ասածիս հիմնական միտքը: Թերևս, կասեմ, որ ես  շատ պարզ   կերպով և սրտացավությամբ խոսել եմ  մեր երկրի՝ աղքատ լինելու  փաստի մասին՝ նշելով, որ շատ անելիքներ կան: Ասելիքս ասել եմ՝ մատնանշելով ժողովրդական ասացվածքը, որի և՛ միտքն է բոլորին ծանոթ, և՛  փոխաբերությունը: Եթե ոմանք փորձել են այլ կերպ ներկայացնել ասածս, ապա դա իրենց գործն է, յուրաքանչյուրն ազատ է մտածելու այն, ինչ ուզում է:

-Իսկ պատրաստվում եք արդյո՞ք որևէ մեկնաբանություն անել այս առիթով կամ պատասխանել Ձեր միտքը նենգափոխողներին:

— Կարծում եմ՝  որևէ մեկին պատասխանելու կարիք  չկա. խիղճ և խաղաղություն բոլորին: