Հարավկովկասյան երկաթուղին Երևան-Գյումրի-Երևան երթուղում աշխատող նոր էլեկտրագնացք է ձեռք բերել

Tert.am-ը գրում է, որ 2019 թվականի հունվարին Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում: Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը:

Համապատասխան պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի, «ՌԵ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի 2018 թվականի նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ:

Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղևորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Բացի այդ, ՀԿԵ ուղևորների առաջարկությունների հիման վրա արտադրող ընկերությունը լրամշակել է էլեկտրագնացքի որոշ չափանիշները:  

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: