ԱԻՆ-ը ընդլայնվելու հնարավորություններ պետք է ունենա. Ֆելիքս Ցոլակյան

Aysor.am  լրատվականի հետ զրուցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով մամուլի որոշ հրապարակումներին, որտեղ քննարկվում է նախարարությունների կրճատման ֆոնին ԱԻՆ-ը «իր խաթեր պահելու» հարցը, նշել է, որ նախարարությունը ոչ միայն չպետք է կրճատվի, այլև՝ պետք է ընդլայնվելու հնարավորություններ ունենա:

Որովհետև ըստ նախարար Ցոլակյանի՝ նրանք, ովքեր խոսում են գերատեսչության կրճատման մասին, ԱԻ նախարարության աշխատանքի վերաբերյալ պատկերացում չունեն, գաղափար չեն կազմում:

Նախարարը նշել է, որ համաձայն չէ այդօրինակ պնդման հետ. իր անձն այստեղ բոլորովին կապ չունի։

«Ես նախարար չլինեմ, պողոսը կլինի։ ԱԻՆ-ը պետք է առանձին նախարարություն մնա, որովհետև նրա գործառույթներն այնպիսն են, որ աշխարհն այսօր, առավել քան երբևէ, պետք է ավելի շատ մտածի աղետների դեմ պայքարի մասին։ Միայն մեկ տվյալ կասեմ. 2018 թվականին, 2017-ի համեմատ, Հայաստանում արտակարգ իրավիճակների թիվն աճել է 1063-ով։ Սա ավելի լուրջ է, քան շատերը պատկերացնում են», — նշեց Ֆելիքս Ցոլակյանը։

Դիտարկմանը, որ շատերի պնդմամբ ԱԻՆ-ը ժամանակին բավական հաջող գործում էր նաև տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ, Ֆելիքս Ցոլակյանը հարցով պատասխանեց. «Իսկ ո՞վ իմացավ, որ շատ լավ էր աշխատում»։

Աղբյուրը՝ aysor.am: