Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը

tert.am-ը գրում է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս մասին ասվում է Կառավարության 2019 թ.-ի ծրագրում:

Ըստ գործադիրի՝ այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:

«Քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը բարելավելու, սոցիալական իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացնելու Կառավարության քաղաքականությունը հիմնված է լինելու հավասար հնարավորությունների և աշխատանքի քաջալերման սկզբունքի վրա։ Աղքատության հաղթահարման առաջնային գործիքն աշխատանքն է, աշխատանքի համար իրական հնարավորությունների ստեղծումը»,- նշվում է ծրագրում:

2017թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը գնահատվել է 25.7%, որից 15.1 %-ն աղքատ են, 9.2 %-ը՝ շատ աղքատ, 1.4 %-ը ծայրահեղ աղքատ: Երկրի բնակչության ամեն չորրորդն ամսական 41 612 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: Շատ աղքատ են համարվում նրանք, ում ամսական եկամուտը չի գերազանցում 34 253 դրամը, իսկ ծայրահեղ աղքատների դեպքում՝ 24 269 դրամը:

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 29-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կազմում են 25 500 դրամ: Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64 000 անձի տրամադրվող պետական նպաստների չափը: Նախկինում ծերության նպաստի չափը կազմում էր 16 000 դրամ:

Առավել մանրամասն՝ tert.am— կայքում: