Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագրում ներկայացրել է պաշտպանության ոլորտում գործադիրի քաղաքականությունը: Ծրագրում նշվում է, որ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։

Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու  հագեցվածություն, ինչպես նաև կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես» կայքում: