Ապրիլի 24-ը՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Մակրոնը որոշում է ստորագրել

lragir.am-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է Փարիզում հայ համայնքի ամենամյա ընթրիքի ժամանակ: «Ֆրանսիան գիտե, թե ինչպես առերեսվել պատմությանը: Այն առաջիններից էր, որ 1915թ. հայ ժողովրդի զանգվածային սպանություններն անվանեց ցեղասպություն և 2001թ. ճանաչեց օրենքի ուժով», ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա ավելացրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու գործընթացն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների ընթացքում:

«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաեւ մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսեւորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», – նշել է Մակրոնը՝ հավելելով, որ այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու արժեքները տվյալ համատեքստում:

Առավել մանրամասն՝ lragir.am կայքում: