Ռոհանին Թրամփին «ապուշ» է անվանել Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ

Tert.am-ը, հղում անելով The Guardian -ին, գրում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրապարակայնորեն «ապուշ» է անվանել: ԱՄՆ նախագահի հասցեին վիրավորանքը հնչել է Թեհրանի կենտրոնական Ազատության հրապարակում՝ երկրում Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:

Ռոհանին խոստացել է, որ իր երկիրը չի հրաժարվի հրթիռային ծրագրից և որ իսլամական պետության դեմ «թշնամական» դավադրություններն անհաջողության կմատնվեն:

Ռոհանիի հայտարարությունը հաջորդել է Թրամփի՝ «Թվիթեր»-ում պարսկերեն գրառմանը, որում վերջինս քննադատել էր Իրանի իշխանություննրին՝ ասելով, որ Իսլամական հեղափոխությունը ձախողում է եղել:

Հիշեցնենք, որ երեկ Իրանում տոնակատարություններ են տեղի ունեցել՝ նվիրված 1979թ.-ի փետրվարի 11-ի՝ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական դրվածքն արմատապես փոխած դեպքերին:

Տոնակատարության մասնակիցները հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներն են վանկարկել, ինչպես նաև այրել այդ երկրների դրոշները:

Աղբյուրը՝ Tert.am :