Շնորհավո՛ր ծնունդդ, մեծագո՛ւյն:

Այսօր հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Շնորհավո՛ր ծնունդդ, մեծագո՛ւյն, — ապա մեջբերում է արել մի հատված Մաթևոսյանի «Կայարան» պատմվածքից:

…Հրանտ Քառյանն ընկալուչը շպրտեց և բարձրահասակ-բարձրահասակ, մի քիչ գործարար անփութությամբ մի քիչ չսափրված և լարված և դանդաղ քայլերով գնաց պոլիտեխնիկ ինստիտուտ, գտավ Կարինեին, հետը պարեց ռոկ-ըն-ռոլ, գնաց համալսարան, ասպիրանտուրա, և դասախոսների մեջ չկար նրա պես երիտասարդը, սրամիտը, խելոքը: Նա Երևանի ամենահայտնին էր, ամեն տեղ ասում էին «Հրանտ Քառյանը, Հրանտ Քառյանը», նրա մասին արդեն խոսում էին Թբիլիսիում, Կիևում, նրա մասին Մոսկվայում ասում էին՝ «զարմանալի է, Երևան՝ և այդքան խե՞լք», և այդ ժամանակ Հրանտ Քառյանը այդպես բարձրահասակ ու գեղեցիկ, քսանութ-երեսուն տարեկան, փողկապը թույլ՝ գրասեղանի ետև նստած, դարակից հանեց ատրճանակը և կրակեց բերանի մեջ: «Ծանր է, ընկերներ, հաղթողի բեռը»: Եվ այդպես էլ ոչ ոք չիմացավ, որ նրա երիտասարդ սիրտն ամեն վայրկյան թպրտում էր Քոլագերան կայարանի հիշողությունից:

«Կայարան»

Աղբյուրը՝ Arqmenik NikoghosyanՖեյսբուք: