Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել Հայաստանում

tert.am-ը հայտնում է, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ` կենսաբանների և կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:

Կովկասյան հովազի և վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարևոր փաստեր են՝ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու և գնահատելու համար:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում մեր երկրում բնության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիների՝ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների և աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարևոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: