Դատարանը համաներում կիրառեց Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքներից մեկով

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը համաներման հիմքով որոշում կայացրեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի առաջին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Փետրվարի 13-ին կայացած դատական նիստից հետո որոշումը հրապարակեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ պարզաբանելով կայացված որոշումը. «Հրապարակվել էր համաներման մասին օրենքը և համապատասխան դրույթ կար, որը վերաբերվել էր նաև քննվող քրեական գործով (ՊՊԾ գնդի գրավման գործով- խմբ.) անցնող անձանց: Կոնկրետ որոշակի մեղադրանքների առումով  պահանջվում էր տուժողների դիրքորոշումը, իսկ նախորդ դատական նիստին արդեն ունեցանք դիրքորոշում, մասնավորապես՝ Վալերի Օսիպյանի (ՀՀ ոստիկանապետ-խմբ.), իսկ այսօր նաև Վարդան Եղիազարյանի (ՀՀ նախկին փոխոստիկանապետ- խմբ.) մասով, ըստ որի՝ այդ մեղադրանքներով գործի քննությունը պետք է շարունակվի: Ինչ վերաբերվում է քրեական օրենսգրքի 35-225 հոդվածներին, որոնցով մեղադրանքներ էին առաջադրված նաև Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին, այստեղ համաներման օրենքը տուժողների համաձայնություն չէր նախատեսել, հետևաբար դատարանը որոշում ընդունեց այս մեղադրանքներով քրեական հետապնդումը նրանց նկատմամբ դադարեցնել»:

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: